0%
0%
ԿԱՆՈՆՆԵՐ
մասնակիցների կանոններ
Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթ
Թավջութակ
Հունիսի 6-13, 2022թ.
2022 թվականի հունիսի 6-ից 13-ը Երևանում անցկացվելու է Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթը (այսուհետև՝ Մրցույթ) թավջութակ մասնագիտությամբ։
Մրցույթի պայմաններ
Մրցույթին կարող են մասնակցել թավջութակահարներ՝ անկախ ազգությունից և քաղաքացիությունից, որոնք մրցույթի մեկնարկի օրը (2022թ. հունիսի 6) կլինեն 16-ից 35 (ներառյալ) տարեկան: Մրցույթին չեն կարող մասնակցել Մրցույթի նախընթաց տարիներին 1-ին մրցանակ ստացած թավջութակահարները:
Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթը բաղկացած է նախընտրական լսումներից (ընտրություն ներկայացված տեսաձայնագրությունների հիման վրա) և 3 փուլից՝ 1-ին փուլ, 2-րդ փուլ (կիսաեզրափակիչ), 3-րդ փուլ (եզրափակիչ):
Նախընտրական լսումներից հետո Մրցույթի 1-ին փուլին մասնակցելու իրավունք կստանա 24 մասնակից:
2-րդ փուլին մասնակցելու իրավունք կստանա 12, իսկ 3-րդ փուլին՝ 4 մասնակից:
Ժյուրին իրավունք ունի չշնորհել կամ կիսել մրցանակային տեղերը: Ժյուրիի որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
2-րդ փուլի արդյունքների հայտարարումից հետո 3-րդ փուլ չանցած մասնակիցների համար կազմակերպվում է զրույց ժյուրիի անդամների հետ: Ժյուրիի անդամները հանդես կգան համառոտ խոսքով՝ հակիրճ նկարագրելով մասնակիցներից յուրաքանչյուրի ելույթը:
Մրցութային 3-րդ փուլի ավարտին ժյուրիի բոլոր անդամները ներկայացնում են գրավոր կարծիք՝ 3-րդ փուլի մասնակիցներից յուրաքանչյուրի ելույթի վերաբերյալ:
Մրցույթի փուլերի ընթացքում բոլոր ստեղծագործությունները ներկայացվում են անգիր (բացառությամբ սոնատների, որը կարելի է կատարել անգիր կամ նոտաներով՝ մասնակցի ընտրությամբ): Մրցույթի մասնակցի ներկայացրած ծրագիրը չի կարող փոփոխվել Մրցույթի ընթացքում: Յուրաքանչյուր մասնակից ինքն է որոշում իր կատարումների հերթականությունը 1-ին և 2-րդ փուլերում:
Մասնակիցը պարտավորվում է Մրցույթի 1-ին և 2-րդ փուլերին ներկայանալ նվագակցող դաշնակահարի հետ: Մրցույթի մասնակցի և նվագակցող դաշնակահարի համար սահմանված է համերգային հանդերձանքի կարգ:
Մրցույթը մասնակիցների համար կարող է տրամադրել նվագակցող դաշնակահար, ինչի անհրաժեշտության մասին պետք է նշել մասնակցության հայտում: Յուրաքանչյուր փուլում նվագակցող դաշնակահարի հետ պարապմունքի անվճար ժամաքանակը սահմանված է 2 ժամ:
Մրցույթի 3-րդ փուլն անցկացվում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ, որը հանդիսանում է Մրցույթի պաշտոնական նվագախումբը։
Դաշնամուրի և նվագախմբի լարվածքը 442 Hz է:
Մրցույթը պարտավորվում է յուրաքանչյուր փուլում մասնակցի ելույթից մեկ ժամ առաջ տրամադրել փորձասենյակ:
Մրցույթում մասնակիցների ելույթների հերթականությունը պատահականության սկզբունքով որոշվում է վիճակահանությամբ և պահպանվում մինչև Մրցույթի ավարտը:
Մրցույթի 1-ին, 2-րդ և 3-րդ փուլերն անց են կացվում բաց հրապարակային պայմաններում:
Մրցույթի ամբողջ ընթացքի կամ փուլերի առցանց հեռարձակումը, ընթացքում կատարված ձայնագրություններն ու տեսագրությունները և հետագայում դրանց օգտագործման իրավունքները պատկանում են Մրցույթին: Դրանք տրամադրվում են մասնակիցներին՝ ըստ պահանջի: Մասնակիցների ելույթների տեսաձայնագրությունները պահպանվում են համացանցում մինչև 2022թ. հունիսի 16-ը ներառյալ, ապա հանվում են համացանցից՝ բացառությամբ մրցանակներ ստացած մասնակիցների ելույթների։
Մրցույթի մասնակիցներն իրավունք չունեն առանց Մրցույթի գրավոր համաձայնության օգտագործել կամ երրորդ անձանց տրամադրել Մրցույթում իրենց ելույթների տեսագրությունները: Մրցույթի եզրափակիչ փուլ անցած բոլոր մասնակիցները պարտավորվում են անհատույց մասնակցել Մրցույթի փակման և դափնեկիրների համերգին, ինչպես նաև Մրցույթի հանրահռչակմանն ուղղված հատուկ համերգներին:
Մասնակիցների ընտրության կարգ
Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը պետք է ուղարկի իր կատարման տեսագրության (նվազագույնը 15 րոպե տևողությամբ) 1 կամ 2 ինտերնետային հղում:
Նախընտրական փուլում անհրաժեշտ է ներկայացնել մեկ բարոկկո կամ դասական և մեկ ռոմանտիկ շրջանի կոմպոզիտորների ստեղծագործություն՝ գրված մենանվագ թավջութակի կամ թավջութակի և դաշնամուրի (նվագախմբի) համար: Նախընտրական լսումների համար ներկայացված ստեղծագործությունները կարող են ներառվել Մրցույթի փուլերի ծրագրերում։
Յուրաքանչյուր ստեղծագործության կատարման տեսագրությունը դրա տևողության ողջ ընթացքում պետք է լինի առանց խմբագրման և դադարների: Ընդունվում են միայն 2019թ. հունիսի 6-ից հետո կատարված տեսագրությունները: Մրցույթի մասնակցության հայտում պետք է նշվեն նախընտրական լսումների համար ներկայացվող ստեղծագործությունների անվանումները, տեսագրության ամսաթիվը և տևողությունը:
Մրցույթի 1-ին փուլ անցնելու մասին մասնակիցները կտեղեկացվեն էլեկտրոնային փոստով, իսկ նախընտրական լսումների արդյունքները կտեղադրվեն Մրցույթի պաշտոնական կայքում 2022թ. մայիսի 16-ին:
Դիմումի և մասնակցության վճար
Հարգելի դիմորդներ,
Ուրախ ենք տեղեկացնել, որ Խաչատրյանի անվան միջազգային 18րդ մրցույթի աջակիցների շնորհիվ դիմորդներին հնարավորություն է տրվել մասնակցել այս տարվա մրցույթին առանց մասնակցության պարտադիր վճարի: Մեր աջակիցները, ինչպես նաև <<Արամ Խաչատրյան – մրցույթ>> մշակութային հիմնադրամը ցանկանում են նոր ճանապարհներ ստեղծել երիտասարդ արտիստների համար, այդպիսով խթանելով նրանց երկարամյա ուղին դասական երաժշտության աշխարհում:
Հայտերի ներկայացման կարգ
Մրցույթի մասնակցության հայտը կարող եք լրացնել՝ անցնելով հետևյալ հղմամբ
Մրցույթի մասնակցության լրացված հայտին անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը.
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022թ. մայիսի 10-ը:
Մրցույթն իրավունք ունի մերժելու մասնակցի հայտը, եթե այն չի համապատասխանում Մրցույթի կանոններին: Անհրաժեշտության դեպքում Մրցույթն իրավունք ունի դիմորդից պահանջելու լրացուցիչ տեղեկություններ։
Դիմելով Մրցույթին՝ մասնակիցները համաձայնում են մասնակցել Մրցույթի բոլոր փուլերին` ըստ ժյուրիի քվեարկության արդյունքների։
Դիմումների ընդունման ընթացքում Մրցույթը հավաքում է մասնակիցների վերաբերյալ անձնական տվյալներ, որոնք անհրաժեշտ են Մրցույթի տարբեր ընթացակարգերի համար։ Տվյալները պահվում են տվյալների անվտանգ պահպանման բազայում։ Հրապարակման ենթակա են միայն հետևյալ տվյալները. մասնակցի անուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ, ծննդյան վայր, ազգություն, կենսագրություն, լուսանկարներ, անձնական կայք և սոցիալական էջեր։ Մասնակիցներն իրավունք ունեն դիտելու իրենց տվյալները և գրավոր կերպով փոփոխություն մտցնել դրանց մեջ։
Մասնակցի ուղարկած հայտը վկայում է, որ մասնակիցն ընդունում է Մրցույթի բոլոր կանոնները:
Մրցույթի Կազմկոմիտեն, հանգամանքներից ելնելով, կարող է փոփոխություններ մտցնել կանոններում, բայց ոչ ուշ, քան Մրցույթի մեկնարկից մեկ ամիս առաջ:
Տեղեկություններ օտարերկրյա մասնակիցների համար
Մրցույթին մասնակցելու հրավերը ստանալուց հետո օտարերկրյա մասնակիցները անհրաժեշտության դեպքում պետք է դիմեն իրենց երկրում ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսություն` մուտքի արտոնագիր ստանալու համար: Վիզայի անհրաժեշտությունը կարելի է ստուգել հետևյալ հղմամբ՝ http://www.mfa.am/en/visa/
Մրցույթի ամբողջ ընթացքում Մրցույթն օտարերկրյա մասնակիցներին տրամադրում է հյուրանոց և սնունդ: Մրցույթը չի վճարում մասնակիցներին ուղեկցող անձանց, այդ թվում` նվագակցող դաշնակահարի կեցության և սննդի ծախսերը: Մրցույթի 2-րդ փուլ և 3-րդ փուլ չանցած մասնակիցները, որոնք ցանկանում են մնալ Երևանում մինչև Մրցույթի ավարտը, իրենք են վճարում իրենց բոլոր ծախսերը։