0%
0%
ԿԱՆՈՆՆԵՐ
մասնակիցների կանոններ
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Դաշնամուր
Հունիսի 6-13, 2027թ.
2027 թվականի հունիսի 6-ից 13-ը Երևանում կանցկացվի Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը (այսուհետև՝ «Մրցույթ»)` «Դաշնամուր» մասնագիտական կարգում։
Մրցույթի պայմանները
Մրցույթին կարող են մասնակցել դաշնակահարներ` անկախ ազգությունից և քաղաքացիությունից, որոնք Մրցույթի բացման արարողության օրը (2027թ.-ի հունիսի 6) կլինեն 16-ից 35 (ներառյալ) տարեկան: Մրցույթին չեն կարող մասնակցել Մրցույթի նախորդ տարիների 1-ին մրցանակակիրները:
Մրցույթը բաղկացած է նախընտրական լսումների փուլից (ներկայացված տեսագրությունների հիման վրա կատարվող ընտրություն) և 3 փուլից՝ 1-ին փուլ, 2-րդ փուլ (Կիսաեզրափակիչ), 3-րդ փուլ (Եզրափակիչ):
Նախընտրական լսումներից հետո Մրցույթի 1-ին փուլին մասնակցելու համար կընտրվի 24 մասնակից: 2-րդ փուլին մասնակցելու համար կընտրվի 12, իսկ 3-րդ փուլին մասնակցելու համար՝ 4 մասնակից:
Ժյուրիի քվեարկության արդյունքների հիման վրա նույն մրցանակային տեղը հնարավոր է շնորհել մեկից ավելի մասնակիցների՝ բացառությամբ 1-ին մրցանակի: Ժյուրիի որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
2-րդ փուլի արդյունքների հայտարարումից հետո 3-րդ փուլ չանցած մասնակիցների համար կկազմակերպվի հանդիպում Ժյուրիի անդամների հետ։ Ժյուրիի անդամները հակիրճ կանդրադառնան յուրաքանչյուր մասնակցի ելույթին։
Մրցույթի բոլոր փուլերում բոլոր ստեղծագործությունները պետք է կատարվեն անգիր
(բացառությամբ Տոլիբ Շախիդիի Դաշնամուրի Երկրորդ սոնատի, որը կարելի է կատարել անգիր կամ նոտաներով՝ մասնակցի ընտրությամբ):
Ստեղծագործության նոտաները հասանելի են հետևյալ հղումով՝ Սեղմել այստեղ:
Մասնակիցը չի կարող փոփոխել մասնակցության հայտում ներկայացված ծրագիրը մայիսի 1-ից հետո: Յուրաքանչյուր մասնակից ինքն է որոշում 1-ին և 2-րդ փուլերում ներկայացվող ստեղծագործությունների կատարման հերթականությունը:
Մրցույթի մասնակիցների համար սահմանված է համերգային հանդերձանքի կարգ:
Մրցույթի 3-րդ՝ Եզրափակիչ փուլը կանցկացվի Մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։
Մրցույթի 1-ին և 2-րդ փուլերը կանցկացվեն «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, իսկ 3-րդ փուլը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում։
Դաշնամուրի և նվագախմբի լարվածքը 442 Hz է, դաշնամուրի մոդելը՝ Steinway & Sons D (8' 11 ¾")։
Մրցույթը 1-ին և 2-րդ փուլերում մասնակիցներից յուրաքանչյուրին տրամադրում է փորձասենյակ՝ 2 ժամով, իսկ 3-րդ փուլում՝ նվագախմբի հետ փորձ՝ 2 ժամ տևողությամբ։
Յուրաքանչյուր փուլում Մրցույթը մասնակիցների ելույթից 30 րոպե առաջ տրամադրում է փորձասենյակ:
Մրցույթում մասնակիցների ելույթների հերթականությունը որոշվում է վիճակահանությամբ և պահպանվում մինչև Մրցույթի ավարտը:
Մրցույթի բոլոր փուլերի լսումները բաց են հանրության համար։
Մասնակիցների ելույթները կհեռարձակվեն առցանց։ Հեռարձակումները հասանելի կլինեն մինչև յուրաքանչյուր մրցութային օրվա վերջին մասնակցի ելույթի ավարտը։ Մրցույթի ավարտից հետո համացանցում կմնան միայն մրցանակ ստացած մասնակիցների ելույթները։
Մրցույթի ամբողջ ընթացքի առցանց հեռարձակման, դրա ընթացքում կատարված ձայնագրությունների, տեսագրությունների և դրանց հետագա օգտագործման իրավունքները պատկանում են Մրցույթին: Դրանք կարող են տրամադրվել մասնակիցներին՝ ըստ պահանջի:
Մրցույթի Եզրափակիչ փուլ անցած բոլոր մասնակիցները պարտավորվում են անհատույց մասնակցել Մրցույթի փակման համերգին:
Մասնակիցների ընտրության կարգը
Մրցույթին մասնակցելու համար դիմորդը պետք է ուղարկի իր կատարումների տեսագրությունների 1 կամ 2 հղում, որոնց ընդհանուր տևողությունը պետք է լինի առնվազն 15 րոպե:
Նախընտրական փուլում անհրաժեշտ է ներկայացնել դասական և ռոմանտիզմի շրջանի կոմպոզիտորների մեկական ստեղծագործություն կամ ստեղծագործության մաս։
Նախընտրական փուլի լսումների համար ներկայացված ստեղծագործությունները կարող են ներառվել նաև Մրցույթի փուլերի ծրագրերում։
Յուրաքանչյուր ստեղծագործության կատարման տեսագրությունը դրա ողջ ընթացքում պետք է լինի ամբողջական՝ առանց խմբագրման և դադարների:
Մրցույթի մասնակցության հայտում պետք է նշվեն նախընտրական փուլի լսումների համար ներկայացվող ստեղծագործությունների անվանումները, տեսագրությունների ամսաթվերն ու տևողությունը:
Մրցույթի 1-ին փուլ անցնելու մասին մասնակիցները կտեղեկացվեն էլեկտրոնային փոստով, իսկ նախընտրական փուլի լսումների արդյունքները կհրապարակվեն Մրցույթի պաշտոնական կայքում 2027թ. ապրիլի 20-ին:
Մասնակցության վճարը
Նախընտրական փուլը հաղթահարած դիմորդները պետք է վճարեն 200 եվրոյին համարժեք մասնակցության վճար՝ ՀՀ դրամով:
Վճարումը կարող է կատարվել բանկային փոխանցմամբ կամ առցանց վճարման եղանակով:
1-ին փուլին մասնակցելու իրավունքի մասին ծանուցում ստացած դիմորդները միաժամանակ կստանան նաև մասնակցության վճարն առցանց կատարելու հղում:
Բանկային փոխանցման միջնորդավճարը վճարում է դիմորդը: Որևէ պատճառով Մրցույթին չներկայանալու դեպքում մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Դիմորդները մասնակցության վճարը պետք է փոխանցեն Մրցույթի բանկային հաշվեհամարին՝ «Վճարման նպատակ» դաշտում պարտադիր նշելով մասնակցի անունը, ազգանունը և «2027թ. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասնակցության վճար» բառակապակցությունը:
Բանկային տվյալներ.
Վճարում եվրոյով
Raiffeisen Bank International AG (Vienna, Austria)
SWIFT: RZBAATWW
Beneficiary’s bank: EVOCABANK CJSC (Yerevan, Armenia)
SWIFT: PRMLAM22
Corr. Acc.N: 1-55.080.071
Beneficiary։ “ARAM KHACHATURIAN” CULTURAL FOUNDATION
Account No: 16600 14513910145 EUR
Address: 1 Proshyan 1st. Blind Alley, 0019 Yerevan, Armenia
Հայաստանի Հանրապետությունից դիմողները մասնակցության վճարը կարող են ՀՀ դրամով փոխանցել ստորև նշված բանկային հաշվեհամարին՝ «Վճարման նպատակ» դաշտում պարտադիր նշելով մասնակցի անունը, ազգանունը և «2027թ. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասնակցության վճար» բառակապակցությունը։
Շահառու՝ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամ
Շահառուի բանկ՝ «Էվոկաբանկ» ՓԲԸ
Շահառուի հաշվեհամար՝ 1660014513910100
Հայտերի ներկայացման կարգը
Մրցույթի մասնակցության հայտը կարող եք լրացնել հետևյալ հղմամբ։
Մրցույթի մասնակցության լրացված հայտին անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2027թ. ապրիլի 10-ն է:
Մրցույթն իրավունք ունի մերժելու դիմորդի հայտը, եթե այն չի համապատասխանում Մրցույթի կանոններին: Անհրաժեշտության դեպքում Մրցույթն իրավունք ունի դիմորդից պահանջելու լրացուցիչ տեղեկություններ։
Դիմելով Մրցույթին՝ դիմորդները համաձայնում են մասնակցել Մրցույթի բոլոր փուլերին՝ ժյուրիի քվեարկության արդյունքների համաձայն։
Հայտերի ընդունման ընթացքում Մրցույթը հավաքում է դիմորդների վերաբերյալ անձնական տվյալներ, որոնք անհրաժեշտ են Մրցույթի տարբեր ընթացակարգերի համար։ Դրանք պահվում են անվտանգ բազայում։ Հրապարակման ենթակա են միայն հետևյալ տվյալները՝մասնակցի անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, ծննդյան վայրը, ազգությունը, կենսագրությունը, լուսանկարները, անձնական կայքը և սոցիալական հարթակների էջերը։ Դիմորդներն իրավունք ունեն վերանայելու իրենց վերաբերյալ տեղեկություները և գրավոր դիմումով պահանջելու դրա փոփոխությունը։
Հայտը ներկայացնելով՝ դիմորդը հաստատում է, որ ընդունում է Մրցույթի բոլոր կանոնները:
Մրցույթի Կազմկոմիտեն, հանգամանքներից ելնելով, կարող է փոփոխություններ կատարել կանոններում, սակայն ոչ ուշ, քան Մրցույթի 1-ին փուլի մեկնարկը:
Տեղեկություններ օտարերկրացի դիմորդների համար
Մրցույթին մասնակցելու հրավերը ստանալուց հետո օտարերկրացի դիմորդները, անհրաժեշտության դեպքում, մուտքի արտոնագիր ստանալու համար պետք է դիմեն իրենց երկրում ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսություն: Որոշ երկրների քաղաքացիներ մուտքի արտոնագիր կարող են ստանալ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Տարբեր երկրների քաղաքացիների համար մուտքի արտոնագրի անհրաժեշտությունը կարելի է ստուգել հետևյալ հղմամբ՝ http://www.mfa.am/en/visa
Մրցույթի ամբողջ ընթացքում օտարերկացի մասնակիցներին տրամադրվում են հյուրանոց (կացություն մեկտեղանի սենյակում) և սնունդ: Ուղեկցող անձանց ծախսերը պետք է հոգան մասնակիցները:
Մրցույթի 2-րդ կամ 3-րդ փուլ չանցած, բայց մինչև Մրցույթի ավարտը Երևանում մնալ ցանկացող մասնակիցները բոլոր ծախսերը հոգում են անձամբ։